ԱվտոԴրայվ ՍՊԸ-ն ներդնում է 850 000 ԱՄՆ դոլար էլեկտրական սկուտերների ծրագիր գործարկելու համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործարկել էլեկտրական սկուտերների ծառայությունների ծրագիր՝ հասարակական տրանսպորտին աջակցելու և արդիականացնելու նպատակով։ Ընկերության նպատակն է բեռնաթափել նշված քաղաքները և նվազեցնել խցանումները, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը։ Իսկ ծրագրի նպատակն է Երևանի, Գյումրու, Վանաձորի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդնել 407 մլն դրամ՝ էլեկտրական սկուտերների և դրանց պահեստամասերի ձեռքբերման համար։ Նաև ծրագրի շրջանակներում կստեղծվի 12 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը կկազմի 170 000 դրամ։ Ընկերությունը պատրաստվում է ներկրել 374 մլն դրամի էլեկտրական սկուտերներ և ազատված է 42,6 մլն դրամի մաքսատուրքից։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում սպասարկման ոլորտը վերջին 15 տարիներին աճել է տարեկան միջինը 15%-ով (առանց ճգնաժամի տարիների)։ 2022 թվականի հունվար-փետրվարին ծառայությունների ծավալը (ընթացիկ գներով) կազմել է 316 297,7 մլն դրամ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20,1%։