Ղազախական FlyArystan բյուջետային ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Երևան։ Այժմ կա Ալմաթի-Երևան-Ալմաթի կանոնավոր չվերթը, որն իրականացվում է շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Նուր-Սուլթան-Երևան թռիչքներ իրականացնելու ուղղությամբ։
Հայ-ղազախական հարաբերությունները բավականին ակտիվ են զարգանում, ինչին նպաստում է ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը։ Թռիչքները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա թե՛ Ղազախստանի հետ առևտրի, թե՛ զբոսաշրջության ոլորտում։

Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած 40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային բյուջետային փոխադրող` Arna, որը կապում է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկների հետ: