Լոռու մարզի Հագվի գյուղում նոր մոդուլային դպրոց է կկառուցվում։ Շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղի ավելի քան 200 տարվա պատմության մեջ սա ամենամեծ շինարարությունն է։ Հին դպրոցը, որը հիմնադրվել էր 1963 թվականին, արդեն ապամոնտաժվել է։ Նոր մոդուլային դպրոցը կունենա 6 դասասենյակ, ռազմագիտության սենյակ և լաբորատորիա, փակ դահլիճ, հանդիսությունների սրահ, բացօթյա խաղահրապարակ, նախակրթարան, ինչպես նաև ֆոտովոլտային արևային կայանը, որի կառուցման համար ներդրվել է $2 000 000: Մինչև 2023 թվականի ավարտը Հայաստանում կկառուցվի 22 նման մոդուլային դպրոց։

Բացի այդ, այնտեղ արդեն իսկ գործում է ԱՐՄԱՏ լաբորատորիան։ ԱՐՄԱՏ-ի ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական միջոցառումների, հետաքրքիր մրցույթների և նորարարական ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տարբեր տեխնոլոգիաներին, ճարտարագիտությանը և մաթեմատիկային: ԱՐՄԱՏ ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը նախաձեռնվել և իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2011 թվականից։ Ներկայումս ԱՏՁՄ-ն ակտիվորեն արտահանում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը արտերկիր։ ԱՐՄԱՏ-ն ունի ավելի քան 600 լաբորատորիա Հայաստանում (ներառյալ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։